Նիկոլ Փաշինյանի Հայկական ժամանակ թերթը հրապարակել է Բաքվի 5 պահանջները՝ ի գիտություն կաթողիկոսի, նախկին նախագահների եւ փորձագիտական հանրության։ Հոդվածը ստորագրված է՝ Հավաստի աղբյուր, երեւի որ կասկած չմնա, որ դա հավաստի է։ Դրանում նշվում է, որ այդ պահանջները «թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար»: Այսինքն, եթե չկատարենք, պատերազմ կսկսի։
Հավաստի աղբյուրը խոստանում է հաջորդիվ ներկայացնել նաեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Եվրամիության ուզածին։
Բաքվի այդ պահանջներն ըստ էության նորություն չեն։ Նորություն չի լինելու նաեւ այն, թե ինչ են ուզում ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանը, Եվրամիությունը։ Ավելի ճիշտ՝ ինչպես է նրանց ուզածը ներկայացնելու Հավաստի աղբյուրը, որովհետեւ կա նաեւ այդ ուզածը համարժեք ընկալելու խնդիր։
Ըստ այդմ, խնդիրը երբեք էլ այն չի եղել, թե ինչ է ուզում աշխարհը, այլ այն, թե ինչ է ուզում Հայաստանը 30 տարի շարունակ, Տեր-Պետրոսյանից մինչեւ Փաշինյան։ Աշխարհը օրինակ գիտեր, թե ինչ է ուզում Բաքուն, բայց մինչ այժմ չգիտե, թե ինչ է ուզում Հայաստանը։ Խաղաղություն ու 28,9 հազար քկմ մուրալը օրակարգ չէ եւ չի կարող ընկալելի լինել, առավել եւս՝ իրականանալ, եւ դրանում արդեն բոլորն են համոզվում։
Սա մեկ։ Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ Հավաստի աղբյուրը հասցեագրում է կաթողիկոսին ու նախկին նախագահներին, որոնք առաջին հավաքից հետո հայտարարեցին, թե տեղեկատվության պակաս ունեն բանակցությունների մասին։ Բացի այդ, առաջին ու երկրորդ նախագահները խոսեցին մեկը թուրքի, մյուսը ռուսի ոտքի տակ գոյատեւելու մասին՝ որեւէ այլընտրանքի ու հնարավորության բացառմամբ։ Եվ ահա, երբ Հավաստի աղբյուրը «բացահայտեց օրակարգը», Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ կաթողիկոսի միջնորդությամբ ձեւաչափն արդեն սպառված է։
Առաջադրանքը կատարված է՝ կաթողիկոսի «բարձր միջնորդությամբ» լրացնել Հայաստանում մտքի վակուումը դատարկաբանությամբ եւ հուսահատության ու դատապարտվածության նոր ալիքով։
Մանրամասները Սկզբնաղբյուրում