Եռաբլուրում մի խումբ ոստիկանների կողմից զոհված զինվորների ծնողներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում մի խումբ ոստիկանների կողմից զոհված զինվորների ծնողներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու դեպքով ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Վարույթի շրջանակում թե քանի ոստիկան է հարցաքննվում՝ Թադևոսյանը չհստակեցրեց, բայց ընդգծեց, որ ոստիկանները հարցաքննվում են և դեռևս կասկածյալներ ու մեղադրյալներ չկան․ «Վարույթը նախաձեռնվել է ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Տուժող ճանաչելու գործընթացն է շարունակվում»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսը փակել էին Եռաբլուրի մուտքն ընդդեմ ՀՀ իշխանության ներկայացուցիչների։ Ծնողների կողմից իրականացվող այդ ակցիային մասնակցություն ունեին նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Ասպրամ Կրպեյանն ու Քրիստինե Վարդանյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.