Իժևսկի թիվ 88 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, ուսուցիչներն ու աշակերտները տարհանվում են, գրում են տեղական Udm-Info պորտալը՝ ականատեսներին հղումով, ինչպես նաև «Baza», «Mash» և 112 տելեգրամյան ալիքները։
Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ դպրոցում կրակոցներ են եղել։ «Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում կասկածյալին բերման ենթարկելու ուղղությամբ։ Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են»,- հայտնել են նախարարությունից։
Ըստ 112-ի՝ վիրավորվել է հինգ հոգի՝ չորս երեխա և պահակը, վերջինս հետագայում մահացել է։ Միաժամանակ երեք երեխա հրազենային վնասվածք է ստացել, մեկ երեխա դանակահարվել։ Կրակոցները բացել է սև համազգեստով անհայտ տղամարդը, ով ներխուժել է դասարան։ Տնօրենը, ինչպես գրում է 112-ը, հասցրել է փակվել աշխատասենյակում վիրավոր դեռահասի հետ։
Հարձակվողը գտնվում է դպրոցի երկրորդ հարկում և շարունակում է կրակել ոստիկանների ուղղությամբ, գրում է Mash-ը։ Վերջինիս տվյալներով՝ վիրավորվել է ինը երեխա, նրանցից մի քանիսը վնասվածքներ են ստացել բարձրությունից ընկնելու պատճառով, երբ փորձել են փախչել։ Դեպքի վայր է ժամանել Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։