Այսօր՝ ապրիլի 6-ին, shamshyan.com -ի տեղեկություններով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 47 RV 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերի, մոտ 72 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվածներից՝ Սևան քաղաքի Գործարանային փողոցի բնակիչ, 27-ամյա Յուրա Սիմոնյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Իսկ մյուս վիրավորը՝ Սևանի բնակիչ, 47-ամյա Ռադիկ Գրիգորյանը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի, Սևանի քննչական բաժնի պետ էդիկ Պետրրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում զննություն են կատարում Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանն ու քննիչ Արգիշտի Գրիգորյանը: Փաստի առթիվ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչ Ա. Գրիգորյանի որոշմամբ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայում ևս մեկ հոգի է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com