Lragir.am-ն ահազանգ է ստացել քաղաքացիներից այն մասին, որ Նորագավիթի գերեզմանատունը գտնվում է անմխիթար վիճակում։ Ըստ ահազանգող քաղաքացիների՝ այս գերեզմանատունը հուղարկավորությունների համար արդեն մի քանի տարի փակ է համարվում, այնինչ գերեզմանատան տնօրինությունը շարունակում է հատկացնել նոր գերեզմանատեղեր ավտոճանապարհների վրա, ինչպես նաև գերեզմանատանը հարակից գյուղատնտեսական նշանակության տարածքներում։ Ահազանգի հեղինակները նաև նշում, են, որ գերեզմանատան ավտոճանապարհները միտումնավոր չբարեկարգելով ու չասֆալտապատելով՝ տնօրինությունը հանգուցյալների հարազատներին հատկացնում է նոր գերեզմանատեղեր այդ նույն ճանապարհների վրա։ Գերեզմանատեղեր են հատկացվում անգամ ասֆալտապատ ճանապարհների վրա։ Հանգուցյալների հուղակավորման համար տարածքներ են հատկացվում անգամ գերեզմանատանը հարակից գոմերի տարածքներից։ Բացի դա, գերեզմանատան տարածքը ամբողջությամբ վերածված է աղբանոցի։
Քաղաքացիները փաստեր պարունակող լուսանկարներ են փոխանցել մեզ։
Նորագավիթի գերեզամանատան տնօրեն Էրիկ Ամիրխանյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ գերեզմանատունը փակ չէ։ «Գերեզմանատունը պարսպապատված է, մենք չենք կարող դուրս գալ, մտնել ուրիշ հողերի մեջ։ Ինչ վերաբերում է ավոտճանապարհներին, ավտոճանապարհները մնում են բաց, մենք չենք փակում։ Գերեզմանատան տարածքները շատ քիչ են մնացել, հնարավոր է արդեն մինչև Նոր տարի գերեզամանատունը փակվի։ Ու կսկսվի ավտոճանապարհների ասֆալտապատումը»,- ասաց Էրիկ Ամիրխանյանը։ Նրա խոսքով՝ ասֆալտապատման աշխատանքները պետական բյուջեի միջոցներով պետք է իրականացվեն, ներկայում չափագրման աշխատանքներ են իրականացվում։