Ողբերգական դեպք Երևանում՝ 6-րդ հարկից շինարար-բանվորն ընկել է․

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյուրջյան 11/5 հասցե, որտեղ կառուցվող էլիտար շենքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կամո Միքայելյանը։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Մ․-ն էր, ով աշխատում էր «Գարիկ Խաչատրյան» Ա/Ձ, «Մագա» ՍՊԸ-ում որպես շինարար, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ շինարարական աշխատանքներ կատարելիս, 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շինության մոտ կա ցուցանակ, որով պարզ է դառնում որ կապալառուն «Ակուրատ Գրուպ» ՍՊԸ-ն է, կառուցապատողը «Մագա» ՍՊԸ-ն է։ Շինարարության թույլտվությունը տրվել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից, իսկ «Մագա» ՍՊԸ-ի տնօրենը Բագրատ Մակարյանն է, ում պատվերով էլ կառուցվում է շենքը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.