ԱՄՆ եւ Ֆրանսիան արհամարհեցին Բաքվի հրավերը․ Վերադարձ 1994-ի շփման գծին, Բաքվի զորքերի ու ռուս «խաղաղապահների» դուրսբերում, Նախիջեւանի կարգավիճակի քննարկում

Lragir.am-ը գրում է. Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը երկար պոչ խաղացնելուց հետո այցելեց Շուշի

 

Բաքուն այսօր «միջազգային կոնֆերանս» է անցկացրել օկուպացված Շուշիում, որին հրավիրվել են Կասպից արեւմուտքում հավատարմագրված դիվանագետներ։ Միջոցառմանը հրաժարվել են մասնակցել Բաքվում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանները: Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է․ «Այսօր Շուշիում չկան Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները։ Նրանք բացահայտ արհամարհեցին ադրբեջանական կառավարության հրավերը։ Մենք դա ընկալում ենք որպես անհարգալից վերաբերմունք մեր տարածքային ամբողջականության նկատմամբ, քանի որ, ըստ այդ երկրների, հակամարտությունը դեռ չի ավարտվել»։

Բաքուն մի քանի անգամ դիվանագետների այցեր է կազմակերպել Շուշի, ինչը Բաքվի տեսանկյունից նշանակում է պատերազմի արդյունքների ու Արցախի հարցի լուծվածության ճանաչում։ ՄԽ արեւմտյան համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանները մինչ այժմ հրաժարվում են այցելել Շուշի, քանի որ Վաշինգտոնն ու Փարիզը գտնում են, որ Արցախի խնդիրը լուծված չէ, նոյեմբերի 9-ի թուղթը հակամարտության կարգավորում չէ, եւ պնդում են «համապարփակ կարգավորում»։

Ֆրանսիայի Սենատի զույգ պալատներն ընդունել են Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւեր, որոնցում նշվում է, որ պետք է վերադառնալ 1994-ի շփման գծին եւ վերսկսել բանակցությունները ՄԽ-ում։ Բաքվի զորքերի դուրսբերման պահանջ է դրվել նաեւ ԱՄՆ Սենատում, որտեղ շրջանառվում է նաեւ Արցախի ճանաչման բանաձեւ։

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, չնայած Մոսկվա-Բաքու-Անկարա ջանքերին, ինչպես նաեւ հայկական իշխանությունների ու խորհրդարանի «ընդդիմության»՝ նոյեմբերի 9-ի թղթին հավատարմությանը, համառորեն պնդում են Արցախի հարցի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։ Դրա վերջին դրսեւորումն ԱՄՆ Պետդեպի որոշումն էր ՄԽ-ում նոր համանախագահ նշանակելու մասին, ինչի կապակցությամբ Բաքուն նյարդային դեմարշ արեց։

Բաքվում ՄԽ մյուս համանախագահ երկրի՝ Ռուսաստանի դեսպանը, երկար պոչ խաղացնելուց հետո, ի վերջո այցելեց Շուշի։ Հայաստանի դեմ Արցախում 2020-ի ռազմական արշավի հեղինակ ու մասնակից երկրի դեսպանին սակայն սազական չէր պոչ խաղացնելը՝ ռուս օկուպացիոն զորքը, որը կոչվում է «խաղաղապահ կոնտինգենտ», Արցախում կարող էր հայտնվել միայն պատերազմի եւ հայերի երաշխավորված պարտության դեպքում, Շուշին ու Հադրութը թուրքերին հանձնելու պայմանով։ Հայերի պարտությունը, ինչպես նաեւ միջազգային մանդատի խախտումով Արցախի հարցը «լուծելը» Բաքվի համար կարող էր երաշխավորել միայն ՄԽ համանախագահ երկրներից մեկը։ Այդ երկիրը Ռուսաստանն է, որի նախագահը նոյեմբերի 9-ից հետո ի լուր աշխարհի ավետեց, որ Ղարաբաղի հարցը լուծված է, իսկ Մինսկի խմբի միջնորդությունը բացառվում է։

Հուլիսին Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովի Շուշի կատարած այցը ազդանշան էր, որ արագացվում է Արցախը թուրքերին հանձնելու եւ Հայաստանի պետականությունը վերացնելու Կրեմլի ծրագիրը։ Դրան հետեւեցին Բերձորի իրադարձությունները՝ ՀՀ-ում նույն մեխանիզմների կիրառման մեկնարկով։

Հայաստանում իշխող խմբակը եւ խորհրդարանի «ընդդիմությունն» իրենց տխմար օրակարգերի փոխարեն կարող էին մշակել հայկական դիքորոշումը եւ պահանջը՝ համահունչ միջազգային լեգիտիմ մանդատին եւ ոչ թե նոյեմբերի 9-ի թղթին։ Օրինակ՝ վերադարձ 1994-ի շփման գծին, Բաքվի զորքերի ու ռուս «խաղաղապահների» դուրսբերում, Նախիջեւանի կարգավիճակի քննարկում, որն ընդամենը հայկական ինքնավարություն է՝ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրով հանձնված Բաքվի պրոտեկտորատին։ Նախիջեւանի ու սահմանների խնդիրը Հայաստանը կարող էր լայնորեն շահագործել՝ առնվազն Արցախի խնդիրը բանակցության սեղանին վերադարձնելու համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.