Լragir.am-ը գրում է. Բերձոր քաղաքի բնակիչներն այս օրերին տեղափոխվում են համայնքից, մինչև օգոստոսի 25-ը համայնքը պետք է դատարկվի։ Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մարդիկ կամաց-կամաց իրենց իրերն են հավաքում, մի մասը արդեն տեղափոխվել է, մյուս մասն իրերն են հավաքում»։ Ըստ նրա՝ Արցախից կառավարությունից ստացված վերջին տեղեկությունն այն է, որ մինչև օգոստոսի 25-ը բնակիչները պետք է դուրս գան Բերձորից։ Հարցին, թե մարդիկ չե՞ն ընդդիմանում, Նարեկ Ալեքսանյանը պատասխանեց․ «Ամեն դեպքում չեն ընդդիմանում։ Ես չգիտեմ, թե համայնքը հայկական պահելու տարբերակը որը պետք է լինի։ Ինձ թվում է՝ եթե տարբերակ լիներ, դուրս գալու վերաբերյալ խոսակցություն չէր լինի»։
Բերձորի բնակիչները տեղափոխվում են Հայաստան և Արցախի այլ համայնքներ։
Աղվանո գյուղում արդեն անջատել են էլեկտրականությունն ու ջուրը, նաև կապի միջոցները։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից Մարտիրոս Հակոբյանը։ Ըստ նրա՝ գյուղից մի քանի ընտանիք է հեռացել, մյուսները դեռ շարունակում են մնալ Աղավնոյում։
«Մեր ստացած վերջին լուրն այն է, որ ասում են՝ մինչև 2023 թվականը ռուսական զորքը պետք է մնա Աղավնոյում։ Եթե ռուսական զորքը մնում է Աղավնոյում, ուրեմն պարտավորություն ունի, որ խաղաղ բնակիչներին պետք է պաշտպանի։ Բայց Արցախի ղեկավարությունն այս օրերին փորձում է մեզ վերջնականապես տարհանել։ Իրենք մեզ ասում են՝ 7-8 հազար թուրքեր եկել են, սարի հետևն են, վեշերը հավաքեք։ Մենք էլ փորձում ենք մնալ համայնքում, ինչքանով կարող ենք պահել գյուղը, չգիտեմ։ Բայց խնդիրը հետևյալն է՝ մեզ մոտ հոսանքը, ջուրը, կապը արդեն չկա, պայմաններ են ստեղծել, որ այդտեղից դուրս գանք։ Մեզ ասում են՝ ի՞նչ է, ուզում եք էշ նահատակ լինե՞ք։ Այսինքն՝ իրենք դրանով ստիպում են, որ ժողովուրդը մինչև օգոստոսի 25-ը դուրս գա։ Այսօր էլ դարձյալ իշխանության անունից մարդիկ էին եկել, մեզ ասում են՝ ուզում ես 600 հատ զենք տամ քեզ, ուզում ես էշ նակատակ լինե՞ս։ Իրենք մեզ դրանով համոզում են, որ միևնույն է, ոչինչ չենք կարող անել»,- նշեց Մարտիրոս Հակոբյանը։
Ըստ նրա՝ միավորվելու ու պայքարելու դեպքում հնարավոր է պահել Բերձորն ու Աղավնոն։