Առաջիկա երկու-երեք ամսում Ղրիմի օկուպանտների ռազմական օբյեկտներում կարող են նոր պայթյուններ լինել։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Ջանկոյ թաղամասում ռուսական զորքերի զինամթերքի պահեստում բռնկված հրդեհը, ըստ Պոդոլյակի, հիշեցում էր, որ «Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմը նշանակում է պահեստների պայթյուններ և զավթիչների ու գողերի համար մահվան մեծ վտանգ»։
Թերթը գրում է, որ Ուկրաինան չի ստանձնել հարվածների պատասխանատվությունը։ Այնուամենայնիվ, այս հայտարարությունները կարող են մեկնաբանվել նաև որպես խոստովանություն, որ Ուկրաինան փորձում է կուտակել ռեսուրս, որն անհրաժեշտ է երկրի հարավում լիարժեք հակահարձակում սկսելու համար։
Պոդոլյակը խոստովանել է, որ անցյալ շաբաթ Նովոֆյոդորովկա ավիաբազայի վրա հարձակումը կարող էր լինել պարտիզանների գործը, բայց մերժել է ցանկացած ենթադրություն, որ դա կարող էր պատահար լինել, ինչպես հայտարարել էր Մոսկվան։
Օգոստոսին Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի ռազմական օբյեկտներում երեք խոշոր «պատահար» է եղել՝ հարվածներ են հասցվել ռուսական երկու ավիաբազաների, պայթել է ռուսական զորամաս զինամթերթի պահեստով։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Ղրիմի բնակչությանը կոչ է արել հեռու մնալ օկուպանտների ռազմական օբյեկտներից, քանի որ հնարավոր են պայթյուններ։
Ռազմական փորձագետները նշում են, որ Ղրիմում պայթյունները փաստացի նշանակում են երկրորդ ճակատի բացում Ռուսաստանի դեմ, ինչը ուկրաինական զինուժին հնարավորություն կտա կոտրել ռուսական բանակի հարձակողական եւ պաշտպանական կարողությունները։