Lragir.am-ը գրում է. Հայ քաղաքական դասը, խոսելով Բաքվի սադրանքների ու սպառնալիքների մասին, նշում են, որ դրանք ուղղված են Արցախի հայաթափմանը։ Արցախում էլ ասում են, որ Բաքվի սադրիչ գործողություններն ուղղված են արցախցիներին ստիպելու լքել իրենց տները և «վարկաբեկելու ռուս խաղաղապահներին»։
Ալիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Ղարաբաղի կարգավիճակի քննարկում չկա, այլ միայն՝ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որը, ըստ նրա, ապահովելու է Բաքուն։
Այսինքն՝ Ալիևի և ՌԴ ՊՆ-ի նպատակը, որի հետ Ալիևը քննարկում է բոլոր հարցերը, այս փուլում հայերին ենթարկելն է «Բաքվի երաշխիքների» ներքո։ Դատելով Հայաստանի ղեկավարության հայտարարություններից՝ Երևանը համաձայն է այս պահանջի հետ. Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը տարածքի խնդիր չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, և եթե «Բաքուն և Մոսկվան երաշխավորում են արցախահայության անվտանգությունը, ապա հայկական բանակի մարտական հերթապահության կարիք չի լինի»։ Իսկ իշխանական շրջանակներն անկեղծորեն ասում են, որ եթե ընտրություն լինի Հայաստանի ու Արցախի միջև, ապա Երևանը պետք է զոհաբերի Արցախը։
Եթե իրերն անվանում ենք իրենց անուններով, ապա Բաքուն, Մոսկվան և երևանյան քաղաքական դասը համաձայնության են եկել Արցախը Ադրբեջանի «երաշխիքների տակ» հանձնելու շուրջ՝ ինչ որ բուտաֆորիկ հեռանկարներով։ Միեւնույն ժամանակ, այս «տարբերակով» Բաքուն կխուսափի միջազգային հնարավոր արձագանքներից։
Այս ֆոնին, Արցախի հայաթափման վերաբերյալ աղմուկը փարիսեցիություն է, որով փորձում են կոծկել դավաճանությունն Արցախին, 30-ամյա պայքարին, հազարավոր զոհերին։
Արցախի ղեկավարությունը հորդորում է մարդկանց «զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ճանապարհից»՝ խոստանալով ամրապնդել կապերը ռուսական կոնտինգենտի հետ։ Թեեւ Փառուխից հետո Արցախում ռուսական կոնտինգենտին ոչ ոք չի հավատում՝ անընդհատ նոր «անակնկալների» սպասելով։
Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ Բաքվի վերջին առաջխաղացումից մի քանի օր առաջ Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական զորքի պարեկությունը դադարեցվել է դեռևս անհայտ պատճառներով։ «Խաղաղապահները հաճախ իրենց անզոր են զգում, բոլորն էլ հասկանում են, որ Ռուսաստանն այսօր ավելի թույլ է, քան երբևէ միջազգային ասպարեզում»,- փորձագետներին ասել է Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ ՄՃԽ-ն նշում է, որ խաղաղապահները դեռևս չունեն հստակ մանդատ, և պարզ չէ, թե նրանք ինչ կարող են անել, բացի մոնիտորինգից։ «Բայց այսօր էլ, տարված լինելով Ուկրաինայի պատերազմով, Մոսկվան ավելի մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանին և Ադրբեջանին, քան Եվրամիությունը կամ Վաշինգտոնը»,- ասում են միջազգային փորձագետները։
Արցախի ղեկավարությունը «խաղաղապահների» դարդը քաշելու փոխարեն պետք է սեփական ժողովրդին պատմի Մոսկվա-Բաքու-երեւանյան քաղաքական դասի դավադրության մասին եւ ինքնիշխան որոշումներ կայացնի Արցախի պաշտպանությունն իրականացնելու համար։