Lragir.am-ը գրում է. Սուրմալու առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհվել է 1 քաղաքացի, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Պայթյունի պատճառն առայժմ չի նշվում, տեղում աշխատում են մասնագետները։ Տարածված տեսանյութում երեւում է երկու հզոր պայթյուն, այնուհետեւ լսվում են ձայներ, որոնք նման են հրավառությունների ժամանակ օգտագործվող ճայթուկների ու պայթուցիկների պայթյուններին։
Մինչ փրկարարները մարում էին հրդեհը եւ մաքրում փլատակները, հերթական ահազանգը ստացվեց պետական մի քանի կարեւորագույն օբյեկտներում ռումբի առկայության մասին։ Սա կրկնվում է պարբերաբար, սակայն պատկան մարմինները մինչ այժմ հրապարակային հաղորդագրություն չեն տարածել նախորդ դեպքերի վերաբերյալ՝ պարզե՞լ են՝ ով է ահազանգի հեղինակը, ներսի՞ց է, թե դրսից։ Սովորական խուլիգանությո՞ւն է, թե պլանավորված ակցիա՝ ներքին տագնապ, անկայունություն հրահրելու, կամ այլ նպատակներով։
Նախկինում նման ահազանգերի հեղինակներին գտնում էին եւ պատասխանատվության ենթարկում։ Կարելի՞ է ենթադրել, որ սա սովորական խուլիգանություն չէ։ Նկատի առնելով, որ այս ահազանգերը համընկել են օրինակ «եռակողմ հայտարարության անվերապահ կատարման» ակտիվ փուլին։