Ուկրաինայի ՆԳՆ խորհրդական Անտոն Գերաշչենկոն Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ղրիմում Ուկրաինա մտնելու փորձի ժամանակ ձերբակալվել է հայտնի ահաբեկիչ Գիրկին-Ստրելկովը։ Նույն ինքը, ով ահաբեկել է Սլովյանսկն ու Դոնեցկը 2014թ․։
Վերջերս Գիրկինը բացահայտ և անխնա քննադատում էր Պուտինին, Շոյգուին և ռուսական բանակի գեներալներին Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ մղելու մշտական ձախողումների համար։
Զարմանալի է, որ Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ մարտին ընդունվեցին դրակոնյան օրենքներ, որոնց համաձայն Պուտինին քննադատելու համար արդեն 7 տարի են տալիս, ամիսներ շարունակ չէին նկատում նրա բացահայտ կոպիտությունը բարձրագույն զինվորական ղեկավարության նկատմամբ։
Ըստ ամենայնի, Գիրկինն այս անգամ «համը հանել է», և նրան սպասվում է քննչական մեկուսարան և երկարաժամկետ ազատազրկում՝ ռուս չուչխեին վիրավորելու և քննադատելու համար։
Գիրկինն իսկապես կոշտ քննադատության էր ենթարկում ՌԴ բանակի ղեկավարությանը, սակայն իրավապահները նրան չէին անհանգստացնում։ Վերջերս նա նույնիսկ գրել էր, որ Կրեմլը պետք է ներկել դեղին-կապույտ գույներով։ Գիրկինը Ուկրաինայի դեմ 2014 թ․ պատերազմի եւ Նովոռոսիա նախագծի այն քիչ հրամանատարներից է, որը մինչ այժմ ողջ է։ Մյուսները մահացել են կասկածելի հանգամանքներում․ համարվում էր, որ ՌԴ հատուկ ծառայություններն այդպիսով «վերացնում էին հետքերը»։ Շատերը սա բացատրում էին նրանով, որ Գիրկինը լուրջ կոմպրոմատներ ունի ՌԴ ռազմա-քաղաքական ղեկավարության դեմ, թեեւ ավելի հավանական է այն վարկածը, ըստ որի՝ նրան պահում են «ռեզերվում»։
Ուկրաինական զլմ-ները գրում են, որ հնարավոր է նրան բաց թողնեն եւ ուղարկեն Խերսոնի շրջան, որտեղ ամենաբարդ իրավիճակն է ռուսական բանակի համար։