Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Թորոսյանի որոշմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Վ-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ օգոստոսի 12-ին, ժամը 14։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի իրենց բնակարանում 55-ամյա մորը պարանի միջոցով խեղդամահ անելու մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա:
Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել էին տանտիրոջ՝ 55-ամյա Ռ. Վ.-ի դին: Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել էին նրա մահը:
Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ՝ դեպքի վայր էր ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը: