Ամեն օր 500 ռուս զինվորական է սպանվում կամ վիրավորվում Ուկրաինայի ռազմաճակատում, իսկ Ռուսաստանի հարձակման ընդհանուր տեմպերը դանդաղել են Ուկրաինայի զինված ուժերին նոր զինատեսակներ տրամադրելու պատճառով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով պաշտպանության փոխնախարար Քոլին Քալի և Բայդենի վարչակազմի աղբյուրի հայտարարությունը։
«Կարծում եմ՝ կարելի է ենթադրել, որ ռուսները, հավանաբար, 70 կամ 80 հազար կորուստ են տվել վեց ամսից էլ քիչ ժամանակում»,- ասել է նա։
Հետախուզության տվյալներով՝ Մոսկվան պատերազմի մեջ է ներգրավել չեչեն զինվորականներին և սիրիացի զինյալներին։ Այսպես Կրեմլին հաջողվել է խուսափել Ռուսաստանում ներքին դժգոհությունից՝ կապված ռուս զինվորականների կորուստների և համընդհանուր մոբիլիզացիայի անցկացման անհրաժեշտության հետ։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջազգային անվտանգության ծրագրի տնօրեն Սեթ Ջոնսն ընդգծել է, որ ռուսական բանակը լրջորեն սպառվել է։ «Դա ազդում է Ուկրաինայում արդյունավետ ցամաքային արշավ իրականացնելու նրանց կարողության վրա», – հավելել է նա:
Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների խոսքով, ռուս զինվորականները զգալի կորուստներ են կրում, նրանց համար դժվար է մարտերին ներգրավել պահեստազորին և նորակոչիկներին։ Ռուսաստանը պատերազմին արդեն ներգրավել է իր բանակի գրեթե 85 %-ը։