«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ուղեվորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց:
Այս որոշմամբ փոփոխություն է նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում: Այս փաթեթը հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային Ժողով:
Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:
Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:
Դիմելով տրանսպորտի նախարարին վարչապետը հարցերեց, թե ե՞րբ է տրանսպորտային նոր ցանցը ստեղծվելու, ե՞րբ է մրցույթ հայտարարվելու, քանի որ այժմ կան կնքված պայամանագրեր, որոնց ժամկետները դեռ չեն ավարտվել: Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մի մարզ կա, որտեղ պիլոտային ծրագիր են պլանավորել,
«Պիլոտային ծրագիրը մոտակա 2-3 ամսում կլինի, իսկ ցանցը մի քիչ ավելի խորը ուսումնասիրելուց հետո… ժամկետները դժվարանում եմ ասել, բայց երեւի մի տարվա մեջ»,- ասաց Վահան Մարտիրոսյանը, որի պատասխանը չգոհացրեց վարչապետին: Կարեն Կարապետյանը հորդորեց, որ առաջին եռամսյակում ցանցը պետք է պատրաստ լինի:
Այս նախաձեռնությունը նոր իրավիճակ է ստեղծելու, այսպես կոչված, գծատերերի համար,
Միջմարզային երթուղիներ սպասարկող ընկերությունները փոխկապակցված են նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց հետ եւ միայն մի քանի ընկերություն է, որ ղեկավարվում է բացառապես տնտեսական գործունեություն ծավալողների կողմից:
Այսպես, Երեւան-Էջմիածին երթուղին սպասարկող «Բուատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Տրան ակնթարթ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Երեւան-Արտաշատ երթուղին պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին: Սյունիքի մարզի քաղաքներից դեպի Երեւան եկող որոշ երթուղիներ պատկանում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am