Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2017թ.-ի նոյեմբերի 02-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ էր ստացվել՝ Աբովյանից Սպիտակ մեկնող սև գույնի Լեքսուս ավտոմեքենայի մեջ անօրինական զենքի առկայության մասին: Ահազանգից հետո հանգամանքները ստուգվել էին, հարցաքննվել բազմաթիվ անձինք։ Պարզվել էր՝ զենքը տեղափոխած անձինք հաշվառված էին Արագածոտնում ու հանդիսանում էին հայր ու որդի։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, փետրվարի 24-ին Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում, Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում կատարվել է խուզարկություն:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները համագործակցելով ինչպես քննչական մարմինների, այնպես էլ ոստիկանության մի շարք այլ ստրոբաժանումների ծառայողների հետ` խուզարկությամբ նշված տան թաքստոցից հայտնաբերել են` 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, նռնակներ ու նռնակի պայթուցիչներ, «Սոկոլ» տեսակի վառոդ, 32 մմ տրամաչափի որսորդական հրացանի ինքնաշեն խզակոթ` փողակալով, ականաորսիչի ականջակալ, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարք,
«ԱԿՄ» ինքնաձիգի պահեսատուփ, հետադարձ մեխանիզմ, «Կարաբինի» փակաղակ, նռնակի 2 և ինքնաձիգի 3 կողապայուսակ, գնդացրի բռնիչ, «Դրագունով» դիպուկահար հրացանի փող, «ԱԿՄ» ինքնաձիգի փող, 2 ինքաձիգի շամփուր, 2կգ 400 գ տրոտիլի պայթուցիկ լիցք, 8 էլեկտրադետոնատոր, 5 մետր այրվող լար:
Հայտնաբերվածն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն: Հիշեցնենք, որ ՔԿ-ի փոխանցմամբ, ձերբակլաված անձ կար:
2 գերատեսչությունների հաղորդագրություններում էլ, սակայն, չի նշվում, թե ինչ նպատակով ու որտեղից են արուճեցի հայր ու որդի ձեռք բերել նման քանակությամբ զինամթերք, ինչու եւ ուր են այն տեղափոխել մեքենայով, ինչ նպատակով է օգտագործվել դիմակը կամ ականջակալը, ինչ մեղադրանք է առաջադրվել ձերբակալված անձին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armtimes.com