Լragir.am-ը գրում է. Ռուս զինվորականները մի քանի օր է փոխել են Լաչինի միջանցքում պարեկության բնույթը. Եթե նախկինում փաստաթղթերն ու անձնագրերը ստուգվում էին 6-7 անցակետերում, ապա այժմ արգելապատնեշները բաց են, և ստուգումներ են իրականացվում միայն հայկական երկու անցակետերում՝ Տեղում և Ստեփանակերտում։
Բաքվի կառուցած ճանապարհը նույնպես գրեթե պատրաստ է, նույնիսկ ասֆալտապատված։ Նեղլիկ ճանապարհով երկու մեքենա, հատկապես խոշորները, դժվար կտեղավորվեն։ Ձմռանը և ցեխոտ եղանակին ճանապարհը կարող է անանցանելի լինել։
Ինչո՞ւ Ալիեւը գումար ծախսեց ճանապարհի կառուցման վրա, նույնիսկ վերջնագիր ներկայացրեց Լաչինով ճանապարհը մինչեւ ամսվա վերջ փակելու համար։ Հայկական կողմն ասում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ այդ ճանապարհը պետք է գործեր 2023 թ․ նոյեմբերից։ Սակայն Ալիևի ու Շոյգուի զրույցից հետո Ռուսաստանը հայտարարեց խաղաղապահներին նոր ճանապարհոին վերատեղակայելու մտադրության մասին: Ռուսական զորքերն արդեն մեկ շաբաթ է, ինչ ստուգումներ չեն անում, իսկ ադրբեջանցիներին այս ճանապարհով չթողնելու պահանջը հանվել է։
Ռուս-թուրքական նոր գործարքի ֆոնին համայն հայության կառուցած Լաչինի ճանապարհը կարող է «ազատ» միջանցք դառնալ Ռուսաստանի և Թուրքիայի համար։ Նիկոլ Փաշինյանն արդեն նշել է մի քանի կետեր, որոնցով Բաքուն կարող է հանգիստ երթեւեկել։ «Ադրբեջանցիները կարող են անցնել Ղազախ-Բերդ, Ղազախ-Իջևան, Վարդենիսի, Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներով», ասել է Փաշինյանը։ Նա ասել է, որ չի եղել մի դեպք, երբ Ադրբեջանի քաղաքացիները փորձեն անցնել, և հայկական կողմը դա թույլ չի տվել։
Բաքուն իր հերթին ճանապարհներ է կառուցում Արցախի օկուպացված շրջաններում, որոնք տանում են հենց այն կետերին, որոնց մասին խոսում է Փաշինյանը։
Մոսկվան ու Անկարան արագացնում են Հայաստանի տարածքով միջանցքների բացումը Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ «գորշ գոտիներով» ՌԴ դեմ պատժամիջոցները շրջանցելու եւ տնտեսական փոխանակումների նպատակով։