SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 12։30-ի սահմաններում նշված կենտրոնից Ոստիկանություն հայտնել են, որ «ձախ վերին և վերին հոնքային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կապուտան գյուղի 3-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Վանիկ Ենոքյանն է, ով իրենց գյուղում ծեծի է ենթարկվել համագյուղացիների կողմից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ենոքյանին ծեծի ենթարկելու կասկածանքով Ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկվել Կապուտան գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Արամայիս Պետրոսյանը և 49-ամյա Արմեն Պետրոսյանը։ Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Կապուտան գյուղի կենտրոնական փողոցում գտնվող հուշարձանի մոտ, որի ժամանակ Ա. և Ա. Պետրոսյանները ոչ միայն ծեծի են ենթարկել Վ. Ենոքյանին, այլև վնասել են նրան պատկանող Mitsubishi մակնիշի 34 ՍD 552 համարանիշի ավտոմեքենան՝ կոտրելով կողային ու դիմային ապակիներն ու վարորդի դռան եզրային հատվածը։ Փաստի առթիվ հետաքննիչ Արշակ Շահնազարյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի խումբ կապուտանցիներ, ովքեր չցանկացան տեսանկարահանվել, ասում էին. «Վ. Ենոքյանը Ոստիկանության աշխատակից է, ում գյուղում հարգանքով են վերաբերվում՝ իր ապրելակերպով ու պահելաձևով, իսկ Ա. և Ա. Պետրոսյանները հայր ու որդի են, որոնց գյուղում ավելի շատ ճանաչում են կռվարարների։ Եվ նրանք, իմանալով, որ Վ. Ենոքյանը կատարվածի մասին տեղեկացրել է Ոստիկանությանը, իրենք էլ իրենց հերթին դիմել են Ոստիկանություն և հայտնել, որ իբրև Վ. Ենոքյանը իրենց աղջկան բռնաբարել է։
Ողջ գյուղը գիտի, որ էդ վարկածը հայր ու որդու կողմից հորինված է, նման բան չկա։ Նրանք փորձում են այդ եղանակով ջրից չոր դուրս գալ։ Վանիկն ու նրանց աղջիկը ծանոթ են եղել, սակայն այդ տեղեկությունը նրանց զառանցանքներն են»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս դեպքով նույնպես առանձին նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ Իսկ աղջկան նույնպես տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Արմեն և Արամայիս Պետորսյանների կողմի ծեծի ենթարկված 26-ամյա Վանիկ Ենոքյանն է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com