Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օրը նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նոր դոկտրինը, գրում է BBC-ն։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, դոկտրինում ասվում է, որ Ռուսաստանը կարող է ռազմական ուժ կիրառել Համաշխարհային օվկիանոսում իր շահերն իրացնելու համար, եթե դիվանագիտական հնարավորությունները սպառվեն։
Համաշխարհային օվկիանոսում գերիշխելու ԱՄՆ-ի կուրսը Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերն է, ասվում է փաստաթղթում:
ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը, հղում անելով դոկտրինին, նշում է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում որոշիչ գործոնը լինելու է ռուսական սահմաններին դաշինքի ենթակառուցվածքների առաջխաղացման անընդունելիությունը։
Դրանում նշվում է նաեւ «հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի պետությունների հետ հարակից ծովերով և ծովային տարածքներով, ներառյալ Միջերկրական և Կարմիր ծովերը»:
Նոր դոկտրինը նախատեսում է Ռուսաստանի գործունեության ակտիվացում Շպիցբերգեն, Ֆրանց Իոսիֆի, Նոր երկրի արխիպելագնելում եւ Վրանգելի կղզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: