Հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա 2 հասցեում՝ Հաղթանակ զբոսայգու տարածքում դեռ սովետական տարիներին գործող, այժմ չշահագործվող «Արագիլ» ռեստորանային համալիրի ներսում դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են ամբողջովին քայքայված տղամարդու դի։ Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, Քանաքեռ-Զեյթունի ոսստիկանները պարզել են մահացածի ինքնությունը, նա այս տարվա մայիսի 18-ից որպես անհայտ որոնվող 29-ամյա Է. Շ-ն էր։
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել, իսկ նրա անհետ կորելու փաստով հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Նշենք, որ մայիսի 25-ին ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել նշելով.«Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 29-ամյա Էդուարդ Շխյանը:
«Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել մոտակա կամ Քանաքեռ-Զեյթունի բաժին»,- ասված էր ոստիկանության հաղորդագրության մեջ: Իրավապահները հրապարակել էին երիտասարդ տղայի լուսանկարը եւ հիմա կասկածներ կան, որ միգուցե նրան սպանել են եւ դին թաքցրել տեստորանում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlur.am