Lragir.am-ը գրում է. Օրերս հայկական մամուլում տարածվեց մի նյութ, ըստ որի՝ Տավուշում կառուցվող ռուսական բազան ամրապնդելու է Հայաստանի այդ տարածաշրջանի անվտանգությունը։ Ճիշտ է՝ Տավուշի համայնքապետերից «հոդվածագրին» չի հաջողվել կորզել այն միտքը, որ ռուսների ներկայությունը անվտանգության երաշխիք է, սակայն այն ավարտում է այսպիսի նախադասությամբ՝ տավուշցիները կարող են ապահով զգալ իրենց։
Սա հայկական մամուլում պարբերաբար հայտնվող նման հոդվածների շարքից է, ինչպես «ռուսները կվերադարձնեն Հադրութն ու Շուշին», «Պուտինը Շոյգուին հրամայել է անձամբ զբաղվել Փառուխի հարցով եւ ադրբեջանցիներին վերադարձնել ելման դիրքեր», եւ այլն։ Ակնհայտ է, որ սկզբնաղբյուրը նույնն է, նպատակը՝ պահել ռուսների փրկչական դեմքը, հայերին հետ պահել ինքնապաշտպանության բնական ձգտումից եւ այլ պահանջներից՝ սրանցից բխող բազմաթիվ խնդիրներով։ Ավելորդ է ասել, որ սա հայերի դեմ թշնամական հիբրիդային պատերազմի տարր է։
1916 թ․ Վանից մինչեւ Փառուխ, առաջիկայում Սյունիքից Տավուշ, հարյուրամյակ շարունակ ռուսական զորքի ներկայության արդյունքները բոլորի աչքի առաջ են։ Ներկայում Ռուսաստանը Խոզնավար-Սոթք-Տավուշ գծով ձեւավորում է իր նոր «ճակատային գիծը», որի էությանը եւ նպատակներին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Ընդ որում, ռուսական տեղակայումները ճշգրիտ համընկնում են Բաքվի ներխուժումներին, ինչը քարոզչության պլանում ապահովում է ռուսական «փրկչական առաքելությունը»։ Իրականում դրանք տեղի են ունենում Մոսկվայի առաջնորդությամբ՝ հենց այդ ճակատային գծի ձեւավորման խնդիրների համատեքստում, իսկ վայրերը պատահական չեն ընտրված եւ համընկնում են Հայաստանի տարածքը միջանցքներով վերաձեւելու եւ Հայաստանի լիակատար մեկուսացմանը միտված խնդիրներին։
Աշխարհքաղաքական նահանջը հնարավորինս անցնցում իրագործելու ռազմավարության մեջ Հայաստանն ու հայերը հարյուր տարի անց էլ Ռուսաստանի համար մնում են զոհաբերման հարմար նյութ՝ ներկայիս ռուսահպատակ իշխանության ու «ընդդիմության», բազմաշերտ ագենտուրայի ու մեդիա-փորձագետների ակտիվ ներգրավմամբ։ Ռուսական նոր բազաների ստեղծումը Սյունիքից Տավուշ նպատակ ունի նույնքան անցնցում իրագործել ռուս-թուրքական համաձայնությունները, տվյալ փուլում՝ Արցախի, ՀՀ հարավի օտարմամբ ու Տավուշի «անկլավները տեղ-տեղ կտրելու, տեղ-տեղ հավասարեցնելու» համար, ինչպես հռչակել է Պուտինը։ Ռուսական զորքի ներկայությունը երաշխիք է թուրքերին քաղաքական ու ռազմական առումներով, հետագայում հայկական տարածքները նրանց թանկ գնով «ընդունում-հանձնումը» իրականացնելու համար։ Կրեմլի «ականավոր հայամետ փորձագետները» հիմա արդեն պարզ, առանց տողատակերի ներկայացնում են այն, ինչի մասին հայ հազվագյուտ մեկնաբաններ ու զլմ-ներ ռուսական պլանների մասին գրում էին տարիներ շարունակ։
Տավուշի համայնքապետերն ասում են, որ մենք պետք է հույսը մեր վրա դնենք, բանակը ուժեղացնենք։ Տավուշցիներն անցյալ դարավերջին իրենց մաշկի վրա են զգացել ռուսական բանակի «փրկչական» առաքելությունը՝ սպանություններով ու գազանություններով։ Հայ ժողովուրդն, իր հերթին, հիշում է, որ հարյուր տարում երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը ռուսների նահանջից հետո։ Ներկայում Ռուսաստանը աշխարհքաղաքական նահանջի հերթական փուլում է, եւ հայ ժողովրդի խնդիրը ոչ թե սեփական կորուստներով Ռուսաստանի նահանջի, այլ Հայաստանի անկորուստ անցման ապահովումն է։ Ո՞վ է առաջնորդելու այս ընթացքը։