Lragir.am-ը գրում է. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական բրիֆինգում հայտարարել է, որ Ռուսաստանն անփոփոխ կերպով աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը սկսվել է հունվարի 14-ին Մոսկվայում, նշելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ռուսական կողմի ջանքերը երկար տարիների պատմություն ունեն:
Ավելացնենք՝ հարյուրամյակի պատմություն։ «Հարաբերությունների կարգավորման» 1915-1923 թթ․ ռուսական պատմության առաջին փուլն ավարտվեց Արեւմտյան Հայաստանի հարցի փակումով, հայերի տեղահանությամբ ու ցեղասպանությամբ, Հայաստանի առաջին հանրապետության ոչնչացմամբ։ 1921 թ․ Մոսկվա/Կարսի ռուս-թուրքական պայմանագրերով օկուպացվեց Հայաստանի Հանրապետության տարածքը․ Կարսը, Իգդիրը, Արարատ լեռան շրջանը ռուսները նվիրեցին Թուրքիային, Նախիջեւանը եւ Արցախը՝ «Ադրբեջանին»։ Բազմաթիվ վկայագրեր կան, որ դա հենց ռուսական նախաձեռնություն էր, այդ թվում Կարսում հանրաքվեի կետի վերացման ռուսական պահանջը։
Ժամանակակից Թուրքիան ստեղծել է Ռուսաստանը, ոսկով, ցորենով ու զենքով ապահովելով Քեմալական կառավարությանը։ Սեւծովյան նեղուցների շուրջ բանակցություններից պարզ է դառնում, որ Ռուսաստանը պարտավորվել էր նպաստել նաեւ պատմական բնօրրանից հայերի ցրմանն աշխարհով մեկ։ Կարմիր բանակի ստորաբաժանումներն անմիջական մասնակցություն ունեին եւ մաքրում էին նորաստեղծ թուրքական հանրապետության տարածքը հայերից ու հույներից՝ արյունալի ջարդերով։ (Կարմիր բանակի հրամանատար Բուդյոնին կազմակերպել է Ռուսաստանից Թուրքիա առաքված նավերի քարավանները՝ բեռնված սպառազինությամբ, ոսկով եւ պարենով: Բուդյոնու եւ Միխայիլ Ֆրունզեի անմիջական ղեկավարությամբ են իրականացվել քեմալականների ռազմական գործողությունները հայերի եւ հույների դեմ: Տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության վերջին ակտերը Արեւելյան Հայաստանում, Փոքր Հայքի տարածքում եւ Էգեյան ծովի ափերին՝ Զմուռնիայում, ներկայում՝ Իզմիր: Սպանվել է եւս շուրջ մեկ միլիոն հայ եւ հույն)։
Աշխարհքաղաքական հարյուրամյա նահանջը Ռուսաստանը 100 տարի առաջ իրագործում էր Հայաստանի տարածքները թուրքերին հանձնելով, միայն թե չլինի Սեւ ծովին ելք ունեցող անկախ Հայաստանի Հանրապետությունն Արեւմուտքի հետ դաշնակցությամբ։ Նահանջի ներկայիս փուլում Ռուսաստանը «եռակողմ հայտարարության», սահմանազատման եւ հաղորդակցությունների ապաշրջափակման անվան տակ իրագործում է Հայաստանի անկախ պետականությունը արտատարածքային միջանցքներով լիակատար մեկուսացնելու, 1921-ի ոճրագործությունը «լեգիտիմացնելու», Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելությունն օրինականացնելու պլանը՝ Խոզնավար-Սոթք-Տավուշ օկուպացիոն գծի ձեւավորմամբ։
Այս գործընթացի ռուսական առաջնորդությունը բաց է ու հրապարակային։ Հայ-թուրքական հարաբերությունների ռուսական «անփոփոխ աջակցությունը» բխում է ռուս-թուրքական դարավոր համաձայնություններից՝ դրանց ընդլայնված կիրառմամբ։
Նոյեմբերի 9-ի թղթին հավատարմություն հայտնած իշխող վարչակարգն ու «ընդդիմությունը» այդպիսով ձեռք-ձեռքի իրագործում են «Արցախի հայաթափման ու Հայաստանի թրքացման» ռուս-թուրքական համաձայնությունները՝ մեկը «խաղաղ դարաշրջանի», մյուսը՝ ռուսական կտրվածքով շինծու հակաթրքականության կարգախոսներով։