Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Լուգանսկ քաղաքում գիշերը պայթյուններ են որոտացել։ Սոցցանցերի օգտատերերը հրապարակում են հզոր պայթյունների և հրդեհների տեսանյութեր:
Օգտատերերը ենթադրում են, որ սա ուկրաինացիների հերթական հարվածն է HIMARS կայանքներից ռուսական բանակի զինամթերքի պահեստին: Առաջնագիծն այժմ գտնվում է Լուգանսկից մոտ 70-80 կմ հեռավորության վրա։ Պայթյունների հաճախականությունը վկայում է, որ հարվածը հասցվել է զինպահեստին։
Ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության ներկայացուցիչները հայտնել են, որ ուկրաինական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել ՀՕՊ զորամասին, որը «պաշտպանում է Լուգանսկի երկինքը»։ Նրանք հայտնել են նաեւ, որ HIMARS բազմակի հրթիռային համակարգերից Լուգանսկի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել։
Վերջին շաբաթների ընթացքում, ստանալով ամերիկյան հեռահար համակարգեր, ուկրաինական բանակն արդեն հարվածներ է հասցրել ռուսական բանակի թիկունքում գտնվող մոտ երկու տասնյակ զինապահեստների, հրամանատարական կետերի, մատակարարման շղթաներին։ Ուկրաինական հրամանատարությունը երեկ հայտարարեց, որ ռուսական հրամանատարական կետերից մեկին հարվածի հետեւանքով սպանվել են ռուս բարձրաստիճան զինվորականներ։