Հիմարները ցնցել են Կրեմլը․ Հայաստանի օրինակը չար կատակ Պուտինի համար

Lragir.am-ը գրում է. ԱՄՆ նախագահը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը, որով նախատեսվում է եւս 4 HIMARS հեռահար ճշգրիտ հրետանային կայանքների փոխանցումն ուկրաինական բանակին։ Այդպիսով, այդ կայանքների քանակը կհասնի 12-ի։ Նոր կայանքներն ավելի հեռահար են ու ճշգրիտ, ակնարկել են Պենտագոնից։

Արդեն իսկ փոխանցված կայանքները զգալիորեն փոխել են իրավիճակը ռազմաճակատում․ ուկրաինացիները հնարավորություն են ստացել խոցել ռուսական զորքերի թիկունքում գտնվող ռազմական օբյեկտները, տեղակայման վայրերը եւ մատակարարումների շղթան։ Ռազմական փորձագետներն ասում են, որ ռուսները չունեն այդ հրթիռների հակաթույնը՝ դրանք հնարավոր չէ որսալ։

Ռուսական հայտնի ասացվածք կա՝ Ռուսաստանի խնդիրը հիմարներն են։ Ճակատագրի հեգնանքով՝ բեկում մտցնող այս զենքի անվանման հայերեն իմաստը․․․

Պենտագոնը հաստատել է Ուկրաինային առաջիկա տարիների համար ռազմական օգնության առաջանցիկ ծրագիրը, որով նախատեսվում են այլ բարձրտեխնոլոգիական զինատեսակներ։ Ուկրաինական բանակը, սպառելով խորհրդային-ռուսական զինանոցը, անցում է կատարում ՆԱՏՕ-ի եւ արեւմտյան չափանիշներին ու սպառազինությանը։

Կրեմլը նյարդային է արձագանքել նոր կայանքների մատակարարումներին՝ «Վաշինգտոնը ցանկանում է ամեն գնով ձգձգել հակամարտությունը, կռվել մինչեւ վերջին ուկրաինացին»։ Կրեմլի այս մանթրան նշանակում է «թողեք ինչ ուզեմ անեմ անպաշտպան Ուկրաինայի հետ»։ Դատելով պատերազմի առաջին օրերի հռետորաբանությունից, Կրեմլը հենց այդպես էլ նախատեսում էր, իսկ այդ վստահության հիմքը ոչ միայն եւ ոչ այնքան 2014-ի հեշտ արշավն էր Ղրիմում ու Դոնբասում, այլեւ նախեւառաջ 2020-ին Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ իրագործված ծրագրերի հաջողությունը, երբ Հայաստանի ձեռքերը «ոլորելով» ռազմական ու դիվանագիտական մակարդակներում՝ իրագործվեց Արցախի ռուս-թուրքական բռնազավթումը, իսկ ՀՀ իշխանությունն ու ռուսանպաստ «ընդդիմությունը» երախտագիտություն էին հայտնում Պուտինին։

Բայց Զելենսկին պարզվեց Փաշինյան չէ, Ուկրաինայի քաղաքական համակարգն էլ՝ ռուսանպաստ ագենտուրայի ու կրեատուրայի կույտ, չնայած Մոսկվայում այդպես էլ կարծում էին։ Եղած ռուսանպաստ ագենտուրան Ուկրաինայում չեզոքացվեց ու չեզոքացվում է։ Հեղաշրջում անելու Պուտինի հուսահատ կոչերն ուկրաինական սպայակազմին ծիծաղելի վիճակի մեջ դրեցին նրան․ ոչ ոք չէր պատրաստվում երկիրը փռել նրա ոտքերի տակ։ Իսկ երախտագիտության փոխարեն Ռուսաստանը ստացավ այն, ինչ հիմա կատարվում է ռազմաճակատում եւ միջազգային ասպարեզում։

Ռուսական մեթոդները նույնն են Հայաստանում եւ Ուկրաինայում։ Նույնն է նաեւ ուկրաինացի եւ առավել հայ զինվորների սխրանքը․ հայ զինվորը կռվում էր մի քանի ճակատով։ Հայ զինվորների սխրանքը զուր չի անցնելու։ Ռուսաստանը չափազանց ծանր գին է վճարում եւ վճարելու Հայաստանի դեմ արշավի համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.