SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55ա հասցեում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել, ընկել է և ներսում քաղաքացի է եղել:
Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի և նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը:
Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: