Այսօր` հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Պարկովնիկի օբյեկտի» դիմաց, բախվել են ЗИЛ 130 մակնիշի և ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարրության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Գ. Դալլաքյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը, որը չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ապա վթարային իրավիճակ ստեղծել Lada-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։