Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը պնդում է, որ կացինը վերցրել է նախկին աներոջ ձեռքից: NEWS.am-ի հետ զրույցում գործով տուժող, Վլադիկ Մարտիրոսյանի նախկին կինը՝ Թագուհին, նշեց, որ հերթական դատական նիստին հարցաքննվել է ամբաստանյալը, որը հրաժարվել է պատասխանել դատախազի եւ տուժող կողմի հարցերին: Նա պնդել է, որ վիճաբանության ժամանակ կացինը վերցրել է Վաչագան Մանսուրյանի ձեռքից եւ ինքնապաշտպանվել է:
Նշենք, որ հաջորդ դատական նիստին ամբաստանյալի հարցաքննությունը կշարունակվի:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:
Նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:
Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armlife.am