Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
«Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար»,- ասացին նախարարությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այրվածքներ ստացած անձանցից մեկը մեքենայի վարորդն է, մյուս չորսը՝ ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 24-ին՝ ժամը 14:17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։