Այսօր Փարաքարում տեղի ունեցած մեքենայի պայթյունը եղել է կանխամտածված. մեքենայում տեղադրված է եղել պայթուցիկ սարք: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Դեպքի առթիվ 35-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 35-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «ՎԱԶ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք: 2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ՝ Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:05-ին, մահացել է»,- մանրամասնեց ՔԿ խոսնակը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 23-ին՝ 11։10-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։ 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։