Ուկրաինական բանակը պատասխան հարված է հասցրել ռուսական գազային օբյեկտին

ՌԴ պաշտպանության նախարարությունը պարեկային նավերի և ինքնաթիռների մասնակցությամբ փրկարարական գործողություն է իրականացնում Չեռնոմորնեֆտեգազի հորատման հարթակների վրա հարձակման տարածքում։ Հարթակներում եղել է 12 մարդ։ Նրանցից հինգին հաջողվել է փրկել, երեքը վիրավորվել են, մնացածի որոնողական աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է BBC-ն։

«Չեռնոմորնեֆտեգազ»-ը գազի և նավթի հանքավայրեր է շահագործում Սև և Ազովի ծովերի շրջանում, ինչպես նաև Ղրիմի ափամերձ հատվածում։ «Չեռնոմորնեֆտեգազ»-ի աշտարակները գտնվում են Ղրիմի արևմտյան ափին:

Ուկրաինայի իշխանությունները և Ուկրաինայի զինված ուժերը դեռ չեն մեկնաբանել հարթակի վրա հարձակման մասին հաղորդագրությունը, սակայն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, ասել էր, որ ուկրաինական բանակը կրակ է բացել աշտարակների ուղղությամբ։

Ուկրաինական զլմ-ները գրում են, որ այժմ Ռուսաստանը չի կարողանա գազ արդյունահանել Սեւ ծովի ուկրաինական հատվածում։ Ռուսաստանը 2014 թ․ գրավել է հորատման հարթակները, որոնք գտնվում են Օդեսայից 100 կմ և Ղրիմից 150 կմ հեռավորության վրա։ Ռուսական կողմը դրանք օգտագործել է նաև մակերևութային իրավիճակը էլեկտրոնային հետախուզության օգնությամբ վերահսկելու համար։

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական բանակը կարող է հարվածներ հասցնել՝ ի պատասխան էներգետիկ օբյեկտների դեմ ռուսական հարձակումների։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.