Ներխուժելով անկախ Ուկրաինայի տարածք՝ Ռուսաստանը խախտել է Բուդապեշտի հուշագիրը։ Այս մասին «Espresso»-ի եթերում ասել է Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Ռադոսլավ Սիկորսկին, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։ Պատգամավորի խոսքով՝ Արեւմուտքն իրավունք ունի Ուկրաինային միջուկային մարտագլխիկներ նվիրել։
«Այն բանից հետո, երբ 1994 թվականին, համաձայն Բուդապեշտի հուշագրի, Ուկրաինան հրաժարվեց իր միջուկային ներուժից և դարձավ անկախ երկիր ԽՍՀՄ-ի ժամանակներից ստեղծված սահմաններում, Ռուսաստանը խախտեց այդ հուշագիրը և, հետևաբար, Արևմուտքը կարող է հնարավորություն տալ Ուկրաինային պաշտպանել իր անկախությունը», ասել է պատգամավորը։
Բուդապեշտի հուշագիրը ստորագրվել է 1994 թվականին Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Դրանով Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ են սահմանվել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց։