Վլադիկավկազում 35-ամյա Օսմանովը դանակահարել է հայազգի վարորդին. վարորդի հարազատները գնացել են հիվանդանոց ու սպանել Օսմանովին

Որովայնի հատվածում դանակահարված տարեց հայազգի տղամարդու ընտանիքը Վլադիկավկազի հիվանդանոցներից մեկում իրավապահների աչքի առաջ հաշվեհարդար է տեսել կասկածյալի նկատմամբ:

Ինչպես գրում է gazeta.ru-ն, այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսել է նրանից, որ կեսգիշերին 79-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանը տեղ է հասցրել 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովին։ Ուղևորության ընթացքում նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, ինչի պատճառով Օսմանովը դանակով հարվածել է տղամարդու որովայնին։

Տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հարձակվողը բերման է ենթարկվել և տեղափոխվել նույն բուժհաստատություն, քանի որ նրա ձեռքը վիրավորվել է։ Այնուհետև հիվանդանոց են եկել նաև Գրիգորյանի հարազատները։ Մասնավորապես նրա թոռը միջանցքում տեսել է պապիկի վրա հարձակվողին, վազել ու ոստիկանների աչքի առաջ վիրավորել ոտքից ու մեջքից։ Բժիշկները Օսմանովին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն մինչ Օսմանովը սպասում էր շտապօգնության սենյակում, Գրիգորյանի որդին հարվածել է նրա կրծքավանդակին և որովայնին։ Այնուհետ Գրիգորյանի այլ հարազատ ատրճանակից մի քանի անգամ կրակել է երիտասարդի վրա։ Ոստիկանության աշխատակցին հաջողվել է վնասազերծել տղամարդուն։

Օսմանովին փրկել չի հաջողվել, նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.