Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը

80 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի  հետ զրույցում հաստատեցին ԿԳՄՍ նախարարության լրատվական վարչությունից։

Ռաֆայել Քոթանջյանը ծնվել էր 1942 թվականին Թբիլիսում, 1946-ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։

1960-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին, որպես դերասան և ռեժիսոր, աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում և այստեղից էլ սկսվել է նրա կարիրան։

Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում․ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։

1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, 2003 թվականին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, 2017 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի և այլ պարգևների։

Հիշեցնենք՝ ՀՀ ժողովրդական արտիստ, սիրելի դերասան Ռաֆայել Քոթանջյանի հետ «Հայկական ժամանակ»-ը հարցազրույց էր արել այս տարվա մարտին:

Արտիստը մեզ հետ զրույցում ցավով նշել էր՝ կարծում է՝ վերջին շրջանում կինոարվեստի վրա ամպամածություն է իջել, նույնը թատերական կյանքում է, ըստ նրա՝ տպավորություն է, թե այն տեղում դոփում է, նոր շունչ չկա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.