Ֆինլանդիան և Շվեդիան ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ին, ինչո՞ւ է Թուրքիան դեմ

Lragir.am-ը գրում է. Ֆինլանդիան և Շվեդիան ցանկանում են միանալ ՆԱՏՕ-ին, ինչո՞ւ է Թուրքիան դեմ: Իհարկե, կա քրդական հարցը: Անկարան դժգոհ է Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների և համախոհների արտահանձնման հարցում Ֆինլանդիայի և Շվեդիայի դիրքորոշումից։ Այս երկրներում կան ՔԱԿ-ի հարակից կառույցների բաժիններ և ՔԱԿ-ի անդամներ, որոնց Թուրքիան պահանջում է արտահանձնել:

Հիշեցնեմ, որ բացի ՔԱԿ-ից, Թուրքիան ահաբեկիչներ է համարում նաև այսպես կոչված YPG-ին՝ սիրիական հակամարտությանը մասնակցող քրդական զինված խմբավորումներին։ Արեւմուտքում այդ կառուցին բավականին աջակցում են, 2010-ականների երկրորդ կեսերին նրանք հաջողությամբ կռվեցին այսպես կոչված «Իսլամական պետության» դեմ, և ԱՄՆ-ը նրանց զենք էր մատակարում։ Այս տարվա մայիսի կեսերին Վաշինգտոնը չեղարկեց պատժամիջոցները Սիրիայի հյուսիսային շրջանների նկատմամբ, որոնք վերահսկվում են քուրդ ապստամբների կողմից։ Անկարային սա չի գոհացնում։ Ինչպես նաև այս համատեքստում պետք է հիշել վերջին մի քանի ամսին ԱՄՆ-ի կողմից Հունաստանի և քրդերի աջակցությունը, Հունաստան – Թուրքիա հարաբերությունների լարվածության աճը և վերջին տարիներին ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ծագած խնդիրները։

Ուկրաինական պատերազմի սկզբից Թուրքիան արդեն հասցրել է իր «հատուկ ռազմական գործողությունն» իրականացնել Իրաքյան Քրդստանում և մի քանի «դատավճիռ» կայացնել քրդամետ քաղաքական գործիչների գործերով։ Երկու ամիս առաջ թուրքական բանակը ռազմական գործողություններ է անցկացրել Հյուսիսային Իրաքում։ Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինվորականները հարվածներ են հասցրել տարբեր օբյեկտների՝ ճամբարների, պահեստների, բունկերների և ՔԱԿ-ի շտաբների վրա։ Դրանից հետո բախումներ են սկսվել զինյալների և թուրք զինվորների միջև։ Մի քանի շաբաթ առաջ թուրք դատախազները քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության տասնյակ քաղաքական գործիչների ձերբակալության թույլտվություն էին տվել։ Նրանք մեղադրվում են ՔԱԿ-ին ֆինանսավորելու մեջ։

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության ձգտման համատեքստում Թուրքիան քրդական հարցը ծառայեցնում է ճնշման լծակ, Արևմուտքից նոր զիջումներ պոկելու նպատակով: Կարծիքներ կան, որ Անկարան փորձում է հավաքական Արեւմուտքին ցույց տալ, որ Թուրքիան առանձնահատուկ է, որ նա հատուկ վերաբերմունք է ուզում։ Քանի որ Թուրքիային չեն ընդունել Եվրոմիություն, նա փորձում է վաճառել իր դերը որպես անվտանգություն ապահովող երկիր:

Բայց իրական պատճառն, իմ կարծիքով, Ուկրաինայում Կրեմլի ռեժիմին աջակցությունն է: Էրդողանը և թուրքական քաղաքական վերնախավը հասկանում են, որ Ռուսաստանի տապալումից հետո, ամենայն հավանականությամբ, Արևմուտքը խնդիր է ունենալու Թուրքիայի հետ, քանի որ թուրքական գործոնը որպես Ռուսաստանի դեմ բուֆեր անպիտան է լինելու: Եվ ԱՄՆ-ն և հավաքական Արևմուտքն այլևս աչք չեն փակելու Թուրքիայի ներսում բռնաճնշումների և հարևաների նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության վրա:

Այդ իսկ պատճառով Էրդողանի վարչակազմը, չնայած Արևմուտքի դիմումներին` խուսափում է Ռուսաստանի դեմ քայլեր կատարելուց և չի միացել Պուտինյան ռեժիմի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Ինչպես նաեւ վերջերս Ռուսաստանն ու Թուրքիան նախնական համաձայնության են եկել Սև ծովով ուկրաինական գյուղմթերքի մատակարարումն ապաշրջափակելու վերաբերյալ։ Սակայն Ուկրաինան համաձայն չէ գործարքի պայմաններին։ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով, ուկրաինական սննդամթերքը, հիմնականում հացահատիկը, չի հասնում համաշխարհային շուկաներ։

Թուրքիան այլևս չի կարող խաղալ երկու կողմի վրա, և արդեն ստիպված է ընտրություն կատարել: Ընտրելով Արևմուտքին` թուրքերը ստիպված կլինեն խաղալ Արևմուտքի կանոներով, գնալով ժողովրդավարական ճանապարով, որն ի վերջո կբերի Թուրքիայի կայսերական համակարգի կոլապսի, իսկ դա իր հերթին կբերի երկրի ներսում ցնցումների:

Մանրամասները սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.