Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգության դեպքի առթիվ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են քննչական ու դատավարական անհրաժեշտ գործողություններ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Արդյունքում պարզվել է, որ հավաքի պահին «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան։ Այնուհետև հավաքի մասնակիցները, չենթարկվելով հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ։ Մասնավորապես՝ քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել ոստիկանության ծառայողներին՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ։ Այդ կերպ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:
Զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել են։ Այդ ընթացքում ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժածների մի մասը ստանում է ստացիոնար բուժում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ քարեր, մետաղյա և փայտյա ձողեր, ապակյա և պլաստմասսե շշեր, ոստիկանական համազգեստի պատռված կտորներ, պոկված ուսադիրներ և այլ իրեր ու առարկաներ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 4-ի ժամը 16-ի դրությամբ, 13 անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ հունիսի 3-ին՝ 16:00-ին, խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել: Օրակարգում ընդգրկված էր եղել «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած՝ «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը կշարունակվի՝ մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները Ազգային ժողովից վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսել էին կարճ հանրահավաք, այնտեղից էլ իրենց համակիրների հետ երթով հասել էին Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն: Մինչեւ ժամը 20:00-ն համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել, ԱԺ արտահերթ նիստը չէր կայացել քվորում չապահովելու պատճառով:
Ընդդիմադիր առաջնորդները և նրանց համակիրները, Կառավարական առանձնատան շրջակայքից փորձելով ճեղքել ոստիկանական պատը, ցանկացել էին գնալ Ազգային ժողով, ինչն էլ հիմք էր դարձել ընդդիմադիր ակտիվիստների և ոստիկանության բախման գործողություններին: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ ցուցարարները չէին ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն էին գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև՝ նետել շշեր, քարեր և մետաղե առարկաներ։ Ոստիկանությունը ցուցարարների գործողությունները կանխելու համար ստիպված էր եղել հատուկ միջոցներ կիրառել:
ՀՀ առողջապահական գերատեսչության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ էր տեղափոխվել 60 անձ, որոնցից 39-ը՝ ոստիկանության ծառայողներ:
Նշենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ: