Մոսկվայում հայազգի գործարարի սպանության մեջ մեղադրվող անձը խոստովանել է իր մեղքը

Մոսկվայի կենտրոնում հայազգի գործարար Հովհաննես Կամարյանի սպանության մեջ մեղադրվող անձը խոստովանել է իր մեղքը, նրան նաև ճանաչել են վկաները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովայի խոսքերը:

«Քննչական գործողությունների իրականացման ընթացքում վկաները ճանաչել են մեղադրյալին որպես այն անձի, որը կատարել է հանցագործությունը: Եղած ապացույցների ծանրության տակ երիտասարդը հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը և դեպքի վայրում մանրամասնորեն ցույց է տվել՝ ինչպես է իրականացրել հանցագործությունը», – ասել է Իվանովան:

Մոսկվայի դատախազությունն էլ հայտնում է, որ շրջանային դատարանը դատախազության հետ միասին կքննի նրա նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու հարցը:

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ իրավապահ մարմիններում իր աղբյուրի տվյալներով՝ մեղադրյալը Հայաստանի քաղաքացի, 24-ամյա Հայրիկ Երվանդյանն է: Ըստ ռուսական գործակալության՝ նրան սպառնում է մինչև 20 տարվա, կամ՝ ցմահ ազատազրկում, եթե ապացուցվի, որ սպանությունը պատվիրված է:

Մեղադրյալի դատապաշտպանը, սակայն, հայտարարել է, որ Հովհաննես Կամարյանի սպանությունը պատվիրված չէ, մեղադրյալն առաջնորդվել է անձնական թշնամանքով:

Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մոսկվայի կենտրոնում անհայտ անձի կողմից սպանվել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանը, որը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը):

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.