ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թ. մայիսի 11-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը հիշյալ վայրում ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող հրազենից կրակոցներ է արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի՝ 1988 թ. ծնված բնակիչ է։
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցներ՝ վերջինիս հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: