«Ահեղ դատաստանի օրվա» օդանավը չեղարկվեց

Մոսկվայում Պուտինը շքերթ է անցկացնում «հայրենական պատերազմում» տարած հաղթանակի օրվա եւ Ուկրաինայի դեմ պատերազմի կապակցությամբ, իր ելույթում հավասարեցնելով այդ իրադարձությունները։ Այս տարվա շքերթը նախորդներից տարբերվում է զինվորականների եւ տեխնիկայի քանակի առումով՝ հրապարակով անցնելու են զգալիորեն ավելի քիչ, քան նախորդ տարիներին, հրավիրված չեն օտարերկրյա առաջնորդներ։

Սակայն միայն դա չէ տարբերությունը։ Այս տարվա շքերթի օդային մասը չեղարկվել է եղանակային պայմաններից ելնելով, հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։ Սա իհարկե բացատրություն չէ, քանի որ նախորդ տարիներին օրինակ բազմաթիվ դեպքեր էին եղել, երբ օդանավերը ցրում էին ամպերը, եւ շքերթի կամ այլ միջոցառումների օդային մասերը տեղի էին ունենում։

Օդային մասի չեղարկումը կարող է կապված լինել «ահեղ դատաստանի օրվա» օդանավի հետ, որը շքերթին նախորդող օրերին երեւացել էր Մոսկվայի երկնքում, եւ ըստ տեղեկությունների՝ պետք է մասնակցեր շքերթին։ Սա այն ինքնաթիռն է, որով էվակուացվում է երկրի ղեկավարությունը միջուկային պատերազմի կամ այլ աղետների դեպքում։ Մինչ այդ էլ, հետախուզություններն արձանագրել էին կառավարական օդային հատուկ պարկի օդանավերով պետական վերնախավի էվակուացման փորձարկումները։

«Ահեղ դատաստանի օրվա» օդանավի վերաբերյալ տեղեկությունները կապվում էին Կրեմլի միջուկային շանտաժի հետ։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները եւ պետական պրոպագանդան բավական թափանցիկ շոշափում են Մոսկվայի կողմից Ուկրաինայի եւ սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքին միջուկային հարվածի հնարավորության խնդիրը։ Հաշվարկը, ըստ փորձագետների, այն էր, որ Արեւմուտքը եւ Ուկրաինան համաձայնեն Ռուսաստանի վերջնագրերին։

Սակայն վերջին շրջանում Արեւմուտքի տրամադրվածության մեջ մեծ փոփոխություններ են արձանագրվել։ Եթե նախկինում միջուկային գործոնն իսկապես զսպող դեր ուներ, ներկայում ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հայտարարում են պատասխան հարվածների մասին։ Ավելին, ամերիկացիներն ակնարկում են, որ գիտեն թե Կրեմլի բունկերների, թե «ահեղ դատաստանի օրվա» օդանավի տեղակայումների մասին։ Պուտինին փաստորեն դրախտ ընկնելու հնարավորություն չեն թողնում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am