Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արտյոմ Ե-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վարորդի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա դին պատգարակով մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի դետալները շպրտվել ու վնասել են նաև հարակից ավտոպահեստամասերի խանութի ապակիները, պատերը, իսկ գազաբալոնն էլ մոտ 30 մետր շպրտվել է։