Lragir.am- ը գրում է. ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Հանդիպման հիմնական թեման Կապանում Իրանի հյուպատոսության բացումն էր։
Դեսպանը հիշեցրել է Իրանի դիրքորոշումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ և ասել, որ բոլոր երկրները պետք է հարգեն այն։ «Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին Իրանը լայնածավալ զորավարժություններ էր սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ «Խայբարի նվաճողները» զորավարժությունների ընթացքում Իրանը զորքեր էր կենտրոնացրել սահմանին։
Այդ ժամանակ Բաքուն բացահայտ սպառնում էր ուժով բացել «միջանցքները», իսկ Ռուսաստանն արդեն պատրաստվում էր միջանցքի երկայնքով տեղադրել ՖՍԲ-ի ստորաբաժանումները։ Սակայն Իրանի կոշտ դիրքորոշումը, որը հետագայում էլ դրսեւորվեց ռազմական միջամտության վերաբերյալ ակնարկներով, Հայաստանի հարավային սահմանի անվտանգության երաշխիք դարձավ։
Այդ ժամանակ ԱՄՆ դեսպանը պարբերաբար այցելում էր Սյունիք։ Իր հերթին, Եվրամիությունն Արևելյան գործընկերության շրջանակներում պատրաստ է միջոցներ հատկացնել Հայաստանի Սյունիքի մարզի զարգացման համար։
Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կոնգրեսի լսումների ժամանակ ասել է, որ մշտապես կապի մեջ է Փաշինյանի եւ Ալիեւի հետ՝ համոզվելու, որ ռազմական գործողությունները վերսկսելու քայլեր չկան։ Դիվանագիտական լեզվով ասած՝ սա ԱՄՆ-ի կողմից պատերազմ չվերսկսելու պահանջն է, որն ավելի է ուժեղացել Արցախի Քարագլխի շրջանում ռուս խաղաղապահների աջակցությամբ Բաքվի ուժերի ներխուժումից հետո։
Իրանի դեսպանը նաև հայտարարել է, որ Թեհրանը հետաքրքրված է Սյունիքով անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհի այն հատվածով, որը տարածաշրջանային անվտանգության ապագա համակարգի բաղադրիչներից է։
Այսօր Երեւան ժամանած Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի այցի ընթացքում քննարկվել են անվտանգությանն ու Հյուսիս-Հարավ ճանապարհին վերաբերող հարցեր։
Ընդգծվել է, որ կողմերը կաջակցեն տարանցիկ նոր նախագծերին՝ հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները՝ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման համատեքստում։