Դեբեդ գետում հայտնաբերված 2-ամյա երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ փոքրիկի վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։
«Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»,-նշված է գրառման մեջ:
Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխա է ընկել Դեբեդ գետը: Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խմբին երեխայի մայրը հայտնել էր, որ հսկողությունից դուրս մնալու պատճառով երեխան Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել է Դեբեդը:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների և ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցների ձեռնարկած որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցող ալավերդցի երիտասարդը դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Դեբեդ գետի ձախ ափին, ջրահեղձ և անգիտակից վիճակում հայտնաբերել է երեխային, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ: Սպանության փորձ կատարելու կասկածանքով Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել երեխայի մայրը: Նա հաղորդում է տվել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը նշված վայրում 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը: