Ազատության հրապարակում ոստիկանությունը չի թույլատրում վրաններ տեղադրել, քանի որ հավաքներ իրականացնելուն առնչվող օրենքով է առաջնորդվում: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նշենք, որ ընդդիմադիրները հայտնել են, որ Ազատության հրապարակում ակցիա իրականացնողների համար՝ ինչպես 44-օրյա պատերազմի մասնակից երկու տղաների, այնպես էլ «Պատիվ ունեմի» ղեկավար Արթուր Վանեցյանի, ոստիկանությունը չի թույլատրում վրան տեղադրել:
Խոսելով Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմից անցկացվող ակցիայի մասին՝ Արա Ֆիդանյանն ասաց, որ ծանուցում ստացվել է ապրիլի 17-ին՝ հրատապ կարգով՝ նկատելով՝ ԱԱԾ նախկին տնօրենի նստացույցի վերաբերյալ ծանուցման ժամկետն անցել է։
«Ինքնաբուխ ակցիաների դեպքում, որը տվյալ օրենքի կարգավորման առարկա է, շտապ հավաքների դեպքում ևս պետք է տեղեկացնել դրա մասին: Պետք է նշեմ, որ շտապ ակցիա հասկացությունը ներառում է բացառապես 6-ժամյա գործունեություն, մինչդեռ ոստիկանությունը շտապ ակցիայի անցկացման վերաբերյալ ծանուցում ստացել է ամսի 17-ին, և, բնականաբար, 6 ժամը չէր կարող տևել մինչև այսօր»,- նկատեց փոխոստիկանապետը։