Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 29-ամյա Միքայել Մնացականյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ, իր վարած ВАЗ 21130 մակնիշի 35 CQ 689 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները քաղաքացիների, իսկ այնուհետև՝ դեպքի վայր ժամանած շտախօգնության բժիշկների
օգնությամբ տեղափոխվեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ա. Պետրոսյանն ու Հ. Գալստյանը: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է
Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Քիչ առաջ հիվանդանոց տեղափոխվեց նաև վարորդը, ում ինքնազգացողությունը վատացել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com