Կարեւոր հայտարարություն Կիեւից Արցախի վերաբերյալ

Արցախում մարտ ամսից ի վեր Բաքվի զինված հարձակումներն ուկրաինացի եւ ռուսական լիբերալ ուղղության փորձագետները նկատելի ոգեւորությամբ էին ընդունել․ համարվում էր, որ ռուսական բանակի իրական բնույթի բացահայտումից ոգեւորված Բաքուն «երկրորդ ճակատ» է բացում Ռուսաստանի դեմ, ինչը ձեռնտու է Ուկրաինային։ Արցախից եւ Գյումրիից ռուս զինվորականների տեղափոխման, հայկական ռազմական օդանավերի տրամադրման, վարձկանների տրանզիտի եւ այս կարգի այլ տեղեկություններն ամրապնդում էին այդ տեսակետը։

«Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի» թեզը ոգեւորությամբ էին տիրաժավորում նաեւ Հայաստանի ռուսանպաստ ագենտուրան եւ պարզապես ռուսասերները տարբեր մոտիվացիաներով։ Միեւնույն ժամանակ, ռուսական կողմից պաշտոնապես նման հայտարարություններ չեն հնչել։ Այն դեպքում, երբ Ուկրաինայի օգտին որեւէ երկրի ցանկացած քայլ արժանանում է Մոսկվայի բուռն արձագանքին։

Եվ ահա, երեկ իր ամենօրյա բրիֆինգում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, որը միլիոնավոր լսարան ունի, անդրադառնալով այդ խնդրին, հայտարարեց, որ Ղարաբաղում ռուսներն ու ադրբեջանցիները գործում են համատեղ հայերի դեմ, եւ դա «այդ դեպքը չէ»։ Ուկրաինայում նաեւ սկսել են խոսել, որ Թուրքիայի միջնորդությունը Ռուսաստանի հետ բանակցություններում կարող է ծուղակ դառնալ Կիեւի համար։

Թուրքիան չի միացել Արեւմտյան պատժամիջոցներին եւ աջակցում է Ռուսաստանին, մասնավորապես Մերձավոր Արեւելքից վարձկաններին Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու հարցում։ Նույնը վերաբերում է Բաքվին, թեեւ դա ընդամենը մի դրվագ է։ Պուտինն Ալիեւի հետ ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեց Ուկրաինա ներխուժման նախօրեին, եւ ուշագրավ է, որ Ալիեւը Արցախում իր հարձակումների կապակցությամբ հղում է անում նաեւ այդ հռչակագրին։

Քարագլխում Մոսկվայի ու Բաքվի այս համաձայնությունը բացահայտվեց լիովին, այդ թվում միջազգային լայն արձագանքով, որից հետո Մոսկվան ջղաձգումների մեջ փորձում է մեղքը հեռացնել իրենից։ Պուտին-Փաշինյան 30 կետանոց դատարկությունը դրա ուղիղ դրսեւորումն է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am