Մեկուկես տարվա չապրած օրերից հետո նոր կյանք է Գրիգորյանների ընտանիքում: 44-օրյա պատերազմի հետևանքով որդեկորույս մոր առաջին հանդիպումն է նորածին որդու հետ:
Նելլի Մուրադյան (44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի մայրը) — Դեռ շոկի մեջ եմ, դեռ չեմ պատկերացնում, Արսենս էլ էր փոքր դեմքով, ինքն էլ, չեմ նմանեցնում դեռ ոչ մեկի:
Փոքրիկը ավագ եղբորը չի տեսնի, կլսի նրա մասին պատմությունները: Արսեն Գրիգորյանը ընտանիքի միակ զավակն էր, ծառայում էր Մեղրիում: Համավարակի պատճառով զորակոչից հետո ծնողները 9 ամիս չեն հանդիպել զինվոր որդու հետ: Պատերազմի հենց առաջին օրերից Արսենը Ջրականում էր. զոհվել է հոկտեմբերի 10-ի գիշերը անօդաչուի հարվածից: Մեր տան միակն էր Արսենս, մեր տան գանձն էր:
Միակ որդուն կորցնելուց հետո ամուսինները ուժ են գտել նորից կյանքը շարունակելու, դիմել Շենգավիթ բժշկական կենտրոն՝ զոհված զինծառայողների ծնողներին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող պետության ընձեռած անվճար ծառայությունից օգտվելու հնարավորությունից:
Նորածնի անունը ծնողները դեռ չեն որոշել, բայց արդեն մտածում են երկրորդ փոքրիկի մասին: Կորուստը հաղթահարելու միակ տարբերակը, 42-ամյա մայրն ասում է, «նոր կյանք տալն է»: