ԱԺ Հայաստան եւ ՊՈՒ դաշինքների պատգամավորներն այսօր բոյկոտել են ԱԺ նիստը եւ հայտարարել, որ մեկնում են Արցախ։ Սակայն ռուս խաղաղապահները թույլ չեն տվել նրանց մուտքը։ Պատգամավորները պնդում են, թե նրանց ձեռքին եղել է իրենց անուններով ցուցակ, եւ հայտարարում են, թե դա տեղի է ունեցել Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությամբ։ Որպես ապացույց՝ բերվում են նաեւ իրենց այցի կապակցությամբ ՔՊ պատգամավորների այսօրվա ելույթները, որոնցում նշվում էր, թե ընդդիմադիրների այցը Արցախ սադրանք է եւ վտանգում է Արցախի անվտանգությունը, որ ընդդիմադիրները ներքին քայքայիչ գործունեությամբ են զբաղված եւ գործում են Ադրբեջանի հետ համագործակցությամբ։
Այսինքն, ՔՊ-ն ու խորհրդարանի «ընդդիմությունը» իրար մեղադրում են նույն բանում։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ», ասվում է հայտարարության մեջ։
Հայաստան եւ ՊՈՒ դաշինքների պատգամավորներն ասում են, որ ռուս խաղաղապահներն իրենց այդպես էլ բացատրություն չեն տվել, թե ինչու թույլ չեն տալիս անցնել, միեւնույն ժամանակ չեն դատապարտում եռակողմ հայտարարության այդ խախտումը, հատկապես որ Հայաստան ու ՊՈՒ դաշինքները հավատարմություն են հայտնել ՌԴ պլաններին ու եռակողմ հայտարարությանը։
Այսօր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փառուխ համայնքի տարածքում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։ Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը»։
Ալիեւն այսօր հայտարարել է, որ Արցախի հարցը լուծված է, Մինսկի խումբը դե յուրե կա, դե ֆակտո գոյություն չունի։ Նա նաեւ ասել է, որ նախատեսվում է 3+3 ձեւաչափով հանդիպում։
Մինչ Մոսկվան ու Բաքուն լուծում են իրենց խնդիրները, ՔՊ-ն ու խորհրդարանի «ընդդիմությունը» շարունակում են ձեռք ձեռքի մսխել Հայաստանի հնարավորությունները։ Այլապես, թամաշաների ու նողկալի բանավեճերի փոխարեն խորհրդարանն այս ընթացքում կընդուներ Հայաստանի իրավունքների ու շահերի վերաբերյալ կարեւոր որոշումներ, օգտագործելով պարբերաբար ի հայտ եկող նպաստավոր իրավիճակները։ Նման մի իրավիճակ էլ, ի դեպ, առաջացել է ներկայում, որը կարող է ավարտվել այս միջադեպով։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am