Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Եթե չեմ սխալվում՝ մեկ շաբաթ առաջ ռուսական կողմը դիմել էր Արցախի պաշտպանության բանակին, որ մեր պոստերը հանեին այնտեղից, որ իմաստ չունի, երկու կողմերն էլ պոստերը հեռացնում են, այդտեղ իմաստ չունի պոստ պահելու։ Երբ մոտ 10 օր առաջ Խրամորթում խնդիր ունեինք, ռուսական կողմն այդ ժամանակ է առաջարկն արել։ Եվ ռուսական կողմի առաջարկով դիրքերը հանվել են։ Բայց պարզվել է, որ հետո ադրբեջանցիք եկել են, այնտեղ նստել են»,- ասաց Բաբայանը։ Ըստ նրա՝ ադրբեջանցիների՝ Փառուխ մտնելու ժամանակ ռուս խաղաղապահներն այնտեղ չեն եղել։ «Հիմա ռուսական կողմը գնացել է, որ այդ հարցերը կարգավորի»,- ասաց նա։
Սամվել Բաբայանի խոսքով՝ Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի և այն չպետք է տալ հակառակորդին։ «Ընդհանրապես, Ասկերանի ցանկացած դիրք հանձնելը հեշտացնում է Ստեփանակերտ հասնելը։ Իրավիճակը ընդհանուր առմամբ լուծվող է, պետք է կարողանանք տեղում բանակցել ռուսական ուժերի միջոցով»,- ասաց նա։