Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն՝ հաշված րոպեների ընթացքում, դեպքի վայր են ժամանել Վանաձորի փիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ սկսել են պայքարել երկհարկանի տան 2-րդ հարկում առաջացած հրդեհի տարածման դեմ: Օպերատիվորեն
ժամանել են նաև Վանաձորի հիվանդանոցի հերթապահ խումբն, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որոնց դեպքի վայր է ուղարկել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Ժամանել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրդեհի հետևանքով տանը, ըստ նախնական տեղեկությունների, միայնակ մնացող 3-ամյա Էմիլ
Խաչատրյանը մահացել է: Այս պահին նրա մորը՝ 41-ամյա Նաիրա Խաչատրյանին տեղում հոգեբանական ու բժշկական օգնություն են ցուցաբերում բժիշկներն ու փրկարարները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի քննության ընթացքում: Հրդեհի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող, Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Բարսեղ Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք
փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որպեսզի պարզ լինի երեխան ծխախեղդ լինելուց է մահացել, թե այրվածքներից: Դեպքի վայրում հավաքված հարևանները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ Ն. Խաչատրյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, զբաղվում է մուրացկանությամբ ու հաճախակի է երեխային թողել տանը միայնակ ու ինքը դուրս է եկել տանից ՝ գումար վաստակելու համար, որպեզի կարողանան ընտանիքի գոյությունը պահպանել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com