Խոշոր վթար է տեղի ունեցել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ ներկայացնելով մանրամասներ:
Ըստ այդմ՝ մարտի 16-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, Ստեփանակետ քաղաքի Ս. Դավթի, Պ. Սևակի և Իսակովի փողոցները հատող խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ․ Ղ․-ի (ծնված՝ 1993թ.) վարած «Հոնդա ֆիտ» մակնիշի և Ա․ Մ․-ի (ծնված՝ 1990թ.) վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Տ. Ղ․-ն գանգուղեղային վնասվածք, աջից քունքոսկրի կոտրվածք անցումով մաստիդալ փորոքների, ձախից էպիդուրալ հեմատոմա մինիմալ սուբարախնոիդալ, արյունազեղում գանգուղեղային սալջարդ ախտորոշմամբ, իսկ Ա. Մ․-ն ձախ նրբոլոքի պրոքսիմալ մետաֆիզի բեկորային կոտրվածք տեղաշարժով, աջ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: