Արտակարգ դեպք. մեքենան գլորվել է ձորը. 6 վիրավորների թվում է 3-ամյա երեխա... Մանրամասները

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Գրիգոր Ծ.-ի գործի դատական քննությունը:

28-ամյա Գրիգորին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հուլիսի 30-ին, ժամը 18-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում Գրիգոր Ծ.-ն, վարելով իր «ՎԱԶ- 2107» մեքենան, խախտել է ՃԵԿ համապատասխան կետերի պահանջները, դուրս է եկել ճանապարհից, շրջվել ու գլորվել է հարակից ձորակը, ինչի հետևանքով ինքը և մեքենայում գտնվող հինգ ուղևորները՝ Իշխան Խ.-ն, Անի Ա.-ն, անչափահասներ Անգելինա Խ.-ն, Հարություն Ծ.-ն ու Սաթիկ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վերջինիս՝ 2014 թվականի մարտին ծնված 3-ամյա Սաթիկի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Պարզվել է, որ Գրիգոր Ծ.-ն մեքենան վարել է ալկոհոլ օգտագործած վիճակում, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական:

Նա իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ ուշադրությունը շեղել է երթևեկությունից, ինչի արդյունքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ենթարկվել է վթարի…

Գրիգոր Ծ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, թե դեպքի օրը իր բարեկամների հետ վերադառնում էր «Եղնիկասար» կոչվող հուշաղբյուրի մոտից:

Բարեկամուհին՝ Անին, որ երեխաների հետ նստած էր մեքենայի հետևի նստատեղին, ճանապարհին ասել է, թե երեքամյա Սաթիկի սիրտը խառնում է, երեխան վատ է զգում:

Ինքը մի պահ շրջվել է, որ տեսնի՝ ինչ է եղել երեխային, ու երբ ուղղվել է, տեսել է, որ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց: Ինքն արգելակել է, փորձել է ղեկը ձախ թեքել: Բայց մեքենան գլորվել է ձորը:

Իրենք «Բայղուշի ձոր» կոչվող հանդամասում մասնակցել էին մատաղի արարողության, այնտեղ ինքը ալկոհոլ էր օգտագործել:

Մեքենան հաշվառված է իր անվամբ, բայց ինքը վարորդական իրավունքի վկայական չունի, մոտ մեկ տարի մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի:

Վթարի պահին մեքենան վարել է մոտ 60 կմ/ժ արագությամբ:

Մեքենայի հետևի նստատեղին նստած էր մեկ մեծահասակ՝ Անին, ու երեք երեխաներ: Իր կողքին նստած էր Անիի ամուսնին Իշխանը: Վթարի հետևանքով ծանր գանգուղեղային վնասվածք ստացած Սաթիկը Անիի ու Իշխանի երեխան է:

Տուժող երեխայի օրինական ներկայացուցիչը՝ հայրը, հայտնել է, թե Գրիգոր Ծ.-ն իր քրոջ տեգոր որդին է, իսկ տուժող Սաթիկը իր երեխան է: Իրենք դեպքի օրը մասնակցել էին մատաղի արարողության ու տուն էին վերադառնում «Եղնիկասարից»: Ճանապարհին կինն ասել է, թե Սաթիկը վատ է զգում: Ինքն ու Գրիգորը հետ են շրջվել: Դրանից հետո ոչինչ չի հիշում:

Երեքամյա Սաթիկը վթարի հետևանքով գլխի շրջանում ստացել է ծանր վնասվածքներ:

Ինքը չի իմացել, որ Գրիգորը վարորդական իրավունքի վկայական չունի:

Տուժողի օրինական ներկայացուցիչը Գրիգոր Ծ.-ի դեմ բողոք, պահանջ չի ներկայացրել:

Տուժած երեխայի մայրը՝ Անին, հայտնել է, որ դեպքի օրը «Բայղուշի ձոր» կոչվող հանդամասում մատաղի էին գնացել Գրիգորի մեքենայով: Նրա մեքենայով էլ ժամը 18-ի սահմաններում վերադառնում էին տուն: Իր երեքամյա դուստրը ճանապարհին սրտխառնոց ուներ, ինքն ասել է՝ երեխան լավ չի զգում:

Ամուսինն ու ղեկի մոտ նստած Գրիգորը շրջվել են իրենց կողմը, այդ պահին մեքենան գլորվել է ձորը…Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ երեքամյա աղջնակը վթարի հետևանքով ստացել է գանգի բաց, բութ վնասվածք, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ՝ աջ ճակատային բլթում կոնտուզիոն հեմոռագիկ օջախի առաջացմամբ, գլխուղեղի այտուց, գանգաթաղի ու հիմի բազմաթիվ կոտրվածքներ, աջ սեպոսկրի մեծ թևի ներհրված բեկորային կոտրվածք, պնևմոցեֆալիա, ձախ ձեռքի 2-րդ մատի տրավմատիկ ամպուտացիա…

Մյուս ուղևորներն ու վարորդը ստացել են թեթև վնասվածքներ:

Դատարանը Գրիգոր Ծ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով, նրան դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am